ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հույն ձկնորսներ. «Թուրքիայում փախստականների փորը բացում, օրգանները հանում էին, իսկ մարմինները նետում չեզոք ջրեր»

Հույն ձկնորսներ. «Թուրքիայում փախստականների փորը  բացում, օրգանները հանում էին, իսկ մարմինները նետում չեզոք ջրեր»
02.09.2016 | 09:42

КП-ի հատուկ թղթակից ԴԱՐՅԱ ԱՍԼԱՄՈՎԱՆ եղել է Լեսբոս կղզու գաղթաճամբարում և պարզել, թե ովքեր և ինչպես են հարստություն դիզում ի հաշիվ մարդկային ողբերգության:
Միջերկրական ծովի թափանցիկ ու խոր ջրերում լողում են նրանք՝ ամուր սեղմված շուրթերով ու մեռելագույն դեմքերով այդ մարդուկները: Ալիքները երկնագույն օրորոցի նման ճոճում են նրանց: Աղը քայքայում է նրանց մաշկը, իսկ ձկները ծվատում են նրանց մարմինը: ՈՒժեղ հոսանքը փոքրիկ ջրահեղձներին դուրս է նետում հունական կղզիների ափ, հենց լերկ քարերի վրա:


Անցած աշունն ու ձմեռը մղձավանջ էին Լեսբոս կղզու (տե՛ս քարտեզը) բնակիչների համար: Այդտեղից մինչև թուրքական ափ ընդամենը վեցուկես կիլոմետր է: Տեղ չկար թաղելու փախստականների դիակները՝ և՛ երեխաների, և՛ մեծերի: Կղզու գերեզմանոցներում ուղղակի տեղ չկա հողի պակասի պատճառով, և գերեզմանատեղերը շատ թանկ են: Մի անգամ 120 դիերով բեռնարկղը այստեղ կանգնած էր մնացել համարյա երկու շաբաթ: Վերջապես սարերում գտել էին մի հին լքյալ գերեզմանոց: Հենց այդտեղ էլ սկսեցին բոլորին իրար վրա թաղել համարակալված անանուն գերեզմաններում: Ո՛չ անուն, ո՛չ ազգություն: Միգուցե ժամը գա և մի հուշարձան կանգնեցնեն ի հիշատակ այդ տարաբախտների. «Աստ հանգչեն նրանք, ովքեր չհասան իրենց նպատակին: Ննջեք խաղաղությամբ»:
Բայց հունական պանդոկներում ահավոր լուրեր էին պտտվում: Մռայլադեմ ձկնորսները բռունցքները փայտե սեղաններին խփում և երդվում էին.
-Այո, այո: Մենք տեսել ենք: Մենք տեսել ենք: Մեր աչքով: Շուլալված փորերով երեխաների ու մեծերի: Նրանց օրգանները կտրել-հանել էին այնտեղ՝ Թուրքիայում, իսկ հետո մաքսանենգները նրանց դիակները նետել էին չեզոք ջրերը, հուսալով, թե ձկներն ու աղը ավարտին կհասցնեն իրենց սև գործը:
-Իսկ ինչու այստեղ՝ Լեսբոսում, ոստիկանությունը հետաքննություն չի սկսել,- հոռետեսորեն ասում եմ ես:
-Է՜հ, դու ի՜նչ ես հասկանում,- ճչում է Ստավրոս անունով ձկնորսը (մարդիկ այստեղ շատ դյուրագրգիռ են):- Դու չես պատկերացնի, թե ինչ էր այստեղ կատարվում: Ամառվա վերջից օրական հազարավոր մարդիկ էին ափ իջնում: Մի մասը՝ հիվանդ ու վիրավոր: Մեզ մոտ կղզում բժիշկները չեն հերիքում անգամ մերոնց համար, իսկ այստեղ հանկարծ այսպիսի մարդկային հեղեղ: Ոչ ոք նման բանի պատրաստ չէր: Իշխանությունները պետք է մտածեին ողջերի մասին և ոչ թե ջրահեղձների ու նրանց, ովքեր մեռնում էին արդեն կղզում: Դժոխային շոգ էր, դիակները քայքայվում էին: Ոչ մի փորձաքննություն: Արագ հողի տակ տալ ու մոռանալ: Իսկ ես մոռանալ չեմ կարող: Մի տղայի աչքերն էին կտրվել-հանվել: Հենց կտրվել: Նրանք ասում են. ձկներն են կերել: Չէ՜ մի: Ես ձկնորս եմ արդեն երեսուն տարի: Ձկները վիրաբույժ չեն: Ի՞նչ ես կարծում, ինչի՞ համար են օգտագործվում աչքերը: Եղջերաթաղանթի պատվաստման համար:

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՇԱՀԱՎԵՏ ԲԻԶՆԵՍԸ
Անցած դեկտեմբերին թուրքական իշխանությունները ձերբակալեցին Իսրայելի քաղաքացի (ծնունդով ուկրաինացի) Բորիս ՈՒոկերին (իսկական ազգանունը` Վոլֆման), որը սիրիացի փախստականներից օրգաններ էր գնում: Օրգանները հանվել էին թուրքական մասնավոր հիվանդանոցներում: Պարզվել էր, որ Վոլֆմանին վաղուց որոնում է Ինտերպոլը ոչ միայն օրգանների առևտրի, այլև Կոսովոյում, Ադրբեջանում և Շրի-Լանկայում 2008-2014 թթ. ապօրինի պատվաստումների կատարման համար: Այդ ընդհատակյա բիզնեսը նրան հիանալի եկամուտ էր բերում՝ 70-ից մինչև 100 հազար եվրո յուրաքանչյուր օրգանի համար:
Վերջերս ամերիկյան Newsweek հանդեսը մի ահավոր թիվ էր հրապարակել. 18000 սիրիացի փախստականներ Թուրքիայում և Լիբանանում իրենց երիկամներն էին վաճառել, որպեսզի մեկնեն Եվրոպա: Եվ սրանք միայն պաշտոնական տվյալներ են: Մեծերի մասին տեղեկատվություն կա, իսկ ահա երեխաների մասին լռություն է: (Մանկական օրգաններն ամենաթանկն են: Ցանկացած սիրող ծնող կվաճառի ու կտա ամեն ինչ, որպեսզի փրկի իր զավակի կյանքը):
-Օրգանների անօրինական առևտուրը փակ շրջան է,- ինձ բացատրեց հույն բժիշկ Դիմիտրիս Քսենակիսը:- Շահագրգիռ բոլոր մարդիկ լուռ են մնում: Սպանված դոնորն արդեն ոչինչ չի պատմի: Կլռեն նաև թե՛ մարդասպան բժիշկները, թե՛ միջնորդները, թե՛ պատվաստվողները, ովքեր առհասարակ ոչինչ չեն ուզում իմանալ: Առաջ օրգանների առևտուրը հնարավոր էր միայն երրորդ աշխարհի երկրներում: Օրինակ, Հնդկաստանը վաղուց արդեն վերածվել է մի երկրի, որտեղ ծաղկում է «օրգանների հետքով զբոսաշրջությունը»: Ամենավատն այն է, որ այդ բիզնեսը անհնար է առանց ամենավերևների հովանավորության: Ես տեղական կառավարությունների մասին չէ, որ խոսում եմ: Հեռացված երիկամն ապրում է 48 ժամ, լյարդն ու ենթաստամոքսային գեղձը՝ ավելի քիչ: Այսինքն, հեռացման պահից մինչև պատվաստում ժամերի հարց է: Ո՞վ կարող է օրգաններն ինքնաթիռով Սոմալիից կամ Քենիայից առանց մաքսային ստուգման ուղարկել, ասենք, երկրագնդի ցանկացած կետ:
-Ո՞Ւմ նկատի ունեք:
Զրուցակիցս մեղմ ժպտում է.
-Ես չեմ ուզում կորցնել արտոնագիրս և քարշ գալ դատարաններում: Ինքներդ փնտրեք:

Ի՞ՆՉ ԵՂԱՆ ԿՈՐԱԾՆԵՐԸ
Հունվարի 31-ին Ինտերպոլը աշխարհը շշմեցրեց ևս մեկ հրեշավոր թվով. Եվրոպայի տարածքում կորել է 10000 փախստական երեխա: Երկու ամիս հետո այդ թիվը հասավ 12000-ի: Խոսքը վերաբերում էր միայն գրանցված-հաշվառված երեխաներին: Իսկ դա այսբերգի գագաթն էր միայն: Անցած տարվա հուլիսից մինչև սեպտեմբեր ես փախստականների հետ բազմաթիվ ճանապարհներ անցա որպես թղթակից: Աչքովս տեսա, թե ինչպես են հազարավոր երիտասարդ ագրեսիվ տղամարդիկ գրոհով վերցնում սահմանապահ պահակակետերը կամ ուղղակի գնում անտառներով: Շատերի ձեռքին փոքր երեխաներ կային: Փախստականների մեծ մասը անձնագիր չուներ, դրանք, իբր, այրվել էին ռմբակոծությունների ժամանակ, և, իհարկե, նրանցից ոչ մեկի մոտ չկային երեխաների փաստաթղթերը: Մարդկային հեղեղի այն առաջին խելահեղ ամիսներին ոչ ոք չէր գրանցում ո՛չ չափահաս գաղթականներին, ո՛չ երեխաներին: Հաշվի առնելով այս փաստը, կարելի է ենթադրել, որ կորած երեխաների քանակը առնվազն 25-30 հազար է: Հենց միայն բարեկեցիկ և կարգապահ Շվեդիայում կորել է 1000 գրանցված երեխա:


Ի միջի այլոց, նրանց ոչ ոք չի որոնում: Ես հարցում արեցի Ինտերպոլում, խնդրելով հաղորդել, թե քննիչներից ում հետ կարող եմ կապվել: Պատասխանը լռությունն էր:
-Փոքրիկ երեխան վիզայի ու պաշտպանության նման մի բան է,- ինձ պատմում էր մակեդոնացի լրագրող Միլենան, որի հետ մենք ծանոթացել էինք Իդոմենիի փախստականների ճամբարում:- Ես հաճախ եմ աշխատում հույն-մակեդոնական սահմանում և տեսել եմ, թե ինչպես են տղամարդիկ, երեխաները ձեռքներին, նետվում ոստիկանների վրա, իմանալով, որ ոչ ոք չի համարձակվի խփել երեխային: Եվ ես բացարձակապես համոզված եմ, որ դրանք իրենց երեխաները չեն: Ես անգամ չեմ խոսում արտաքուստ նման չլինելու մասին. թուխ, շատ երիտասարդ տղաներ՝ կապուտաչյա սպիտակամորթ երեխաներով: Խոսքն այլ բանի մասին է: Ոչ մի ծնող իր երեխային արտասվաբեր գազի վտանգի չի ենթարկի և չի նետվի ամբոխի հորձանուտ, իր զավակին ենթարկելով ոտնակոխ լինելու վտանգի: Քանի դեռ բալկանյան երթուղին գործում էր, սերբ ոստիկանները անտառում գտել էին մի քանի փոքրահասակ երեխաների՝ հիվանդ, վախվորած, իրենց անունն իսկ հիշելու անընդունակ: Ամենայն հավանականությամբ, նրանց լքել էին, երբ նրանք հիվանդացել և բեռ էին դարձել թվացյալ հայրերի համար: Փախստականի համար ամրակազմ, առողջ երեխան կապիտալ է: Եթե լավիկն է, կվաճառեն հասարակաց տանը: Եթե ոչ, խոճկորի պես կմորթեն ու օրգանները կվաճառեն: Կողքին նման գործողությունների մեծ փորձ ունեցող Կոսովոն ու Ալբանիան են:

ՈՎՔԵՐ ԵՆ ԱՅԴ ԵՐԵԽԱՆԵՐԸ
Նրանց գնել են: «Իսլամական պետությունը» (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) իր ստեղծման պահից ի վեր ակտիվորեն զբաղվում է շուկաներում կանանց ու երեխաների առևտրով: Ամենաթանկը գնահատվում են մինչև 9 տարեկան աղջնակներն ու տղաները, որոնց վաճառում են սեռական ստրկության:
Իրաքյան Մոսուլ քաղաքից կաթոլիկ Մարիան ցածրաձայն պատմում է ինձ, թե ինչպես է իր բախտը բերել: Նա հասցրել է իր մինուճար դստերն ուղարկել այլ քաղաք՝ ազգականների մոտ: Մարիան և ամուսինը մնացել են, ուղղակի չհավատալով, որ իրաքյան բանակը մի քանի ժամում կհանձնի Մոսուլը: Քրիստոնյաների մի մասին նստեցրել են ավտոբուսներ՝ թալանելով մինչև վերջին թելը (Մարիան ստիպված էր հանել ոսկե ականջօղերը, իսկ ամուսինը վախենում էր բացել բերանը, որ հանկարծ ոսկե ատամները չտեսնեին): Եվ այդ ժամանակ ավտոբուսում ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել. ահաբեկիչները մի երիտասարդ մոր ձեռքից խլել են հնգամյա դստերը, իսկ մեկ ուրիշից ավտոմատների սպառնալիքով խլել են տասնամյա որդուն...
Դեպի Լեսբոս կղզի լողացող լաստանավի վրա ես ծանոթացա մի մատուցողի հետ (անվանենք նրան Կոստաս, այլապես նա կկորցնի աշխատանքը): Տասն ամսում նա տեսել է տասնյակ հազարավոր փախստականների, ովքեր ձգտում են ընկնել եվրոպական մայր ցամաք: Երբ ես նրան պատմում էի, որ Եվրամիության իշխանությունները հույս ունեն ինտեգրելու այդ միլիոնավոր մարդկանց, նա թուլանում էր ծիծաղից.
-Թող այդ եվրաբյուրոկրատները գան մեր լաստանավ,- ասում է նա,- մենք սարսափել էինք, տեսնելով, թե ինչպես էին Աֆրիկայից, Պակիստանից, Աֆղանստանից ելած փախստականները, ներողություն եմ խնդրում, կղկղում ամեն անկյունում: Երբ մենք բռնացրինք, նրանցից մեկը, որն անգլերեն վատ չէր խոսում, բացատրեց, որ մենք քաղաքակիրթ մարդիկ չենք և մեր արտաքնոցները սխալ են: Մուսուլմանները չեն կարող օգտվել նման զուգարաններից, որովհետև դրանցում չկան իրենց լվանալու ջրամաններ: Դրա համար էլ նրանք նախընտրել են կեղտոտել մեր հատակներին:


Երբ խոսք է բացվում կորած երեխաների մասին, Կոստասը մռայլվում է.
-Ես 50 տարեկան մարդ եմ և ուշ եմ հայր դարձել: ՈՒնեմ երիտասարդ կին և երեքամյա դուստր: Գուցե այդ պատճառով եմ ես այսպես սենտիմենտալ: Մի անգամ տեսա մի նեգրի՝ գրկին ոսկեմազիկ ու կապուտաչյա մի տղա: Հարցրի. «Անունդ ի՞նչ է և ո՞վ է այս երեխան»: Նա ինձ պատասխանեց սպառնալից. «Անունս Ջորջ Մելանի է, իսկ սա իմ որդին է: ՈՒզածդ ի՞նչ է»: ՈՒղղակի աչքերիս առաջ սևացավ կատաղությունից: Սպասեցի մութն ընկնելուն, երբ ուղևորները քնեցին բազկաթոռներին, և դրան սեղմեցի մի անկյունում. ես նախկին հատուկ ջոկատային եմ և, խոստովանում եմ, դրան լավ ջարդ տվեցի: Խոստովանեց, որ անունն Ահմեդ է, իսկ երեխային 1000 դոլարով գնել է Թուրքիայում՝ փախստականների ճամբարում: Նա նպատակ է ունեցել նրան շահավետ վերավաճառելու Եվրոպայում: Մենք հաղորդեցինք ափ, և նավահանգստում այդ Ահմեդին արդեն սպասում էին ոստիկանները: Իսկ թե հետո ինչ եղավ այդ երեխան, ես չգիտեմ:

«ԻՍԿ Ի՞ՆՉ ԷՐ ՄՆՈՒՄ ՄԵԶ ԱՆԵԼՈՒ»
Էրիկն ու Ֆիլիպպան, անգլիացի մի զույգ՝ դստեր հետ, տասնվեց տարի առաջ եկել էին Լեսբոս և ուղղակի սիրահարվել այդ կղզուն: Մի փոքր տնակ էին վարձել և ապրում էին: Հարուստ չէին: Էրիկը շատ լավ արվեստագետ է և արվեստի իսկական գործեր է սարքում ձիթենուց: Ֆիլիպպան էլ ոսկի ձեռքեր ունի: Զբոսաշրջիկները հաճույքով էին գնում նրանց հուշանվերները, և կյանքն անխռով առաջ էր գնում: Մինչև անցած տարվա փետրվար:
-Մինչ այդ էլ փախստականները շատ էին, բայց մենք աշխատում էինք ուշադրություն չդարձնել,- պատմում է Էրիկը:- Բայց 2015 թվականի փետրվարին հոսքը կտրուկ մեծացավ: Մարդիկ գալիս էին մրսած, հիվանդ, դժբախտ, իսկ մեր օկրուգում ոչ մի բժիշկ չկար: Նրանց նավակները քարերին խփվել ու ջարդուփշուր էին եղել: Գիտե՞ք ինչու: Ափից մի երկու կիլոմետր հեռավորության վրա թուրք մաքսանենգները, խույս տալու համար հունական իշխանությունների ձեռքն ընկնելուց, փչացնում էին մոտորանավակի բանեցման բանալին, ցատկում իրենց ընկերների մոտորանավակն ու փախչում: Մարդկանցով լցված նավակը ամբողջ թափով սլանում էր դեպի ափ, իսկ գլուխները կորցրած ուղևորները չգիտեին, թե որ կողմը թեքեն ղեկը: Ես վեր էի կենում լուսադեմին ու նավակներին ազդանշան տալիս, թե որտեղ ավելի լավ կլինի կառանվել: Մի անգամ մի ահավոր տեսարանի ականատես եղա. հսկայական մի մոտորանավ, որի վրա 300 մարդ կլիներ, բախվեց քարերին ու բառացիորեն մի քանի վայրկյանում ջրասույզ եղավ: Մենք ջուրը նետվեցինք փրկելու տարաբախտներին: Իմ տասնյոթամյա աղջիկը քիչ մնաց խեղդվեր, երբ ջանում էր փրկել մի երեխայի, որից կախ էր ընկել մի աֆղան ու քաշում էր ջրի տակ: Բայց նա կարողացավ պոկվել ու երեխայի հետ ափ դուրս գալ: Այդ օրը վաթսուն մարդ զոհվեց:


-Փախստականները թուրքական Իդոմենիի ճամբարում ինձ պատմում էին, որ իրենք փորձել են 5000 դոլարով մի նավակ գնել,- ասում եմ ես:- Դա ավելի էժան է, քան մինչև Լեսբոս վեցկիլոմետրանոց նավարկության համար «մարդա» 1500 դոլարը: Բայց հետո հրաժարվել են այդ մտքից: Մաքսանենգներն աշխատում են թուրքական ոստիկանության հետ սերտ կապով: Հենց որ փախստականները նավակ էին գնում և ինքնուրույն ուղևորվում էին դեպի Հունաստան, նրանց հետևից հասնում էր թուրքական առափնյա ոստիկանությունն ու նավակը ջրասույզ անում հենց ծովում:
-Հաճույքով հավատում եմ: Մաքսանենգներն ու ոստիկանները նույն մաֆիան են Թուրքիայում,- համաձայնում է Էրիկը:- Օրական գալիս էր 200 նավակ: Հիշում եմ հոկտեմբերի այն օրը, երբ 800 նավակ եկավ և ափին 12000 մարդ հավաքվեց:
Մարդիկ գալիս ու գալիս էին ծովով և հավաքվում Էրիկի ու Ֆիլիպպայի հենց դռան մոտ: Նրանք նման էին ուրվականների՝ տենդորեն այրվող աչքերով, մազերի մեջ լիքը ավազ, ոտները բշտիկներով ու քերծվածքներով պատած: Նրանք ջուր, ուտելիք, դեղորայք, բժիշկ էին խնդրում վիրավորների ու երեխաների համար:


-Մենք աշխատում էինք օրական 24 ժամ և պարզապես չէինք քնում,- շարունակում է Էրիկը:- Մենք ամեն ինչ տեսագրում և գցում էինք You Tube և Facebook. կամավորներ են պետք, օգնություն է պետք: Եվ մարդիկ արձագանքում էին. մի օր ինչ-որ բարի մարդ վճարեց 3500 շիշ ջրի համար: Եկան առաջին կամավորականները: Ստացվեցին առաջին վրանները, որոնք մենք տեղադրեցինք հենց մեր բակում: Մենք երեխամայրերին թույլ էինք տալիս լողացնել և հանգստանալ 24 ժամ: Որպեսզի պատժեն փախստականներին, իշխանությունները նրանց արգելել էին ավտոբուս նստել և տաքսի վերցնել: Բայց նրանցից ոչ ոք չէր համարձակվում վերադառնալ Թուրքիա, ուր նրանց տանջում ու նվաստացնում էին: Մեզ մի բան էր զարմացնում. ո՞ւր է Կարմիր խաչը, ո՞ւր է ՄԱԿ-ը, ո՞ւր է «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը: Ո՞Ւր են բոլոր այն կազմակերպությունները, որոնք միլիարդներ են ստանում պետություններից ու մասնավոր հովանավորներից:
(շարունակելի)


Դարյա ԱՍԼԱՄՈՎԱ
«Комсомольская правда»
14.06.2016 թ. N64

Թարգմանությունը՝ Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 20021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ